Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով 2020թվին Հայաստանին 40 մլն դոլար ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում ժողովրդավարության զարգացման համար, իսկ Արցախին՝ 1,5 մլն դոլար ականազերծման ծրագրի իրականացման նպատակով, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Բանաձևը ներկայացրել է կոնգրեսական Ջեքի Սփիերը, ինչի համար Հայ դատի հանձնախումբը նրան հատուկ շնորհակալություն է հայտնել։ Նշենք, որ կոնգրեսականն ի սկզբանե պահանջում էր Հայաստանին տրամադրել 60 մլն դոլար՝ հաշվի առնելով "թավշյա հեղափոխությունից" հետո երկրում ժողովրդավարական գործընթացների ակտիվացման անհրաժեշտությունը։ Սակայն մյուս կոնգրեսականները ընդդիմացան այդ առաջարկին, ընդգծելով, որ Հայաստանին նման մասշտաբային ֆինանսական օգնության տրամադրումը կհանգեցնի Եվրոպայում ԱՄՆ կարեւորագույն գործընկերներին աջակցության ծրագրերի կրճատման, որոնք դիմակայում են ռուսական ՙագրեսիային՚։ Ականազերծման ծրագրերի իրականացման համար Արցախին 1,5 մլն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին բանաձևը ներկայացրել է Կալիֆորնիայի կոնգրեսական Թիջեյ Քոքսը, ինչի համար Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել օրենսդիրին։ Կոնգրեսականն, իր հերթին, ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չպետք է ապրի կյանքի մշտական սպառնալիքի պայմաններում: "Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորման իմ ներկայացրած նախագիծը կօգնի փրկել շատ կյանքեր", - ընդգծել է Քոքսը: Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) այդ բանաձևերի ընդունումից ամիսներ առաջ ակտիվ լոբբիստական աշխատանքներ է իրականացրել ամերիկացի օրենսդիրների շրջանում։