Արմինֆո. Վանաձոր քաղաքի վագոն-տնակներում բնակվող ևս մի քանի ընտանիքներ կապահովվեն բնակարաններով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Աղբյեւրի համաձայն, "Հայաստանի էլեկտրական ցանցերը" և "Տաշիր" բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում շարունակում են օգնություն ցուցաբերել խոցելի ընտանիքներին՝ վագոն-տնակներից բնակարան տեղափոխվելու հարցում: Նախագծի շնորհիվ այսօր Գյումրիում 20 ընտանիք արդեն ապահովված է սեփական բնակարաններով։ Ծրագրի ներկա փուլը նախատեսում է աջակցություն ցուցաբերել Վանաձորում անչափահաս երեխաներ ունեցող եւ վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում:
"Այս տարիների ընթացքում մենք երկար և մանրակրկիտ ուսումնասիրել ենք վագոն - տնակներում ապրող ընտանիքներին առնչվող իրավիճակը։ Անհնար է մնալ
անտարբեր, հատկապես տարրական կենսապայմաններից զրկված երեխաների նկատմամբ, որոնցից յուրաքանչյուրը բախվում է տագնապի եւ տխրության, ինչը բնորոշ չէ նրանց տարիքին: Վանաձորում նույնպես շատ են նման ընտանիքները։ Ահա թե ինչու այս անգամ մենք կփորձենք օգտակար լինել այստեղ: Մենք վստահ ենք, որ այն բանից հետո, երբ բնակարանային խնդիրը լուծվի, ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները կկենտրոնանան այլ, ավելի կարևոր հարցերի լուծման վրա", - ասում է
"ՀԷՑ" ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարջանյանը:
Ծրագրի մի մասը Վանաձորում իրականացվելու է առաջիկա ամիսներին, իսկ սոցիալապես խոցելի ընտանիքներին բնակարանների տրամադրման բուն գործընթացը լինելու է շարունակական բնույթի։