Արմինֆո. Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հայաստանի ՔԿ, իր հերթին, հաղորդել է, որ N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՙՔրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը: Հ.Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում:
Մինչդեռ, ինչպես հաղորդել է SHAMSHYAN.com-ը, միջադեպի պատճառը եղել է Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների միջև ծագած վիճաբանությունը: Զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա վրա կրակած զինծառայողը Հայաստանում հայտնի գործարարի ազգականն է։ Քննության շահերից ելնելով ՝ նրա մասին տվյալներն առայժմ չեն հրապարակվում: