Արմինֆո. Բաքուն եւ Երեւանը պետք է գիտակցեն, եւ ինչ-որ պահի, հնարավոր է, եւ գիտակցում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրենց շահերից է բխում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
"Շատ հնարավոր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ինչ-որ չափով խանգարում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունները։ Այդուհանդերձ, այստեղ, այնուամենայնիվ, առաջնային են հակամարտության կողմերի շահերը։ Եվ ես Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից բոլորովին չեմ ակնկալում վերացական խաղաղարար տրամադրությունների առաջխաղացում, ես նրանցից ակնկալում եմ բացառապես պրագմատիզմ։ Առայժմ այդ պրագմատիզմը չի երևում, իսկ հակամարտության կողմերը շարունակում են պահանջների մաքսիմալիստական նշաձողեր առաջ քաշել։ Նման իրավիճակում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են կազմակերպել բանակցություններ, բայց հայերի ու ադրբեջանցիների ազգային շահերը փոխարինել նրանք չեն կարող", - ընդգծել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ, Ղարաբաղն այսօր ակնհայտորեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին քաղաքական օրակարգի ամենագլխավոր թեման չէ, հատկապես, Ուկրաինայի, Սիրիայի կամ Վենեսուելայի համատեքստում ։ Եվ այն մեծ արժեքը, որը կարող է ստիպել Մոսկվային ու Վաշինգտոնին, հետ շպրտելով ամեն ինչ, զբաղվել դրա հարկադրաբար կարգավորմամբ, Ղարաբաղում Մարկեդոնովն այսօր չի տեսնում։ Այսպիսով, կարգավորման գլխավոր բանալին վերլուծաբանը համարում է հայկական և ադրբեջանական ազգային վերնախավերի քաղաքական պատասխանատվությունը։ Այս լույսի ներքո՝ Մարկեդոնովը նշել է այն կարծիքը, որ Մոսկվային ձեռնտու է բացառապես ստատուս քվոն Ղարաբաղի շուրջ ՝ որպես բավական պարզեցված։ Նրա համոզմամբ, հակամարտության աղբյուրը ռուսական սպառազինության մատակարարումը չէ, ոչ էլ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ Ադրբեջանի դաշինքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Աղբյուրը՝ վիճելի տարածքներն են եւ սկզբնապատճառին առնչվող մյուս բոլոր գործոնները: Վերլուծաբանի գնահատմամբ՝ ստատուս քվոն Մոսկվային ձեռնտու է բացառապես որպես հակամարտության ապասառեցման այլընտրանք, ինչի մասին բազմիցս հայտարարություններ են արվել ամենատարբեր մակարդակով։
"Իրականում հակամարտության կարգավորումը միայն կուժեղացնի Եվրասիական տնտեսական նախագծերի ինտենսիվությունն ու բովանդակությունը։ Ավելին, միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջոցով միջանցիկ երկաթուղային հաղորդակցության գործարկումը թույլ կտար նվազագույնի հասցնել Վրաստանի մաքսիմալիստական դիրքորոշումները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի նկատմամբ։ Ղարաբաղի լուծման դեպքում որպես խաղաղարար, որպես մոդերատոր Ռուսաստանի ՝ դիրքերը կտրուկ կուժեղանային ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։
Այնպես որ, ամեն ինչ այնքան պարզ չէ, ինչպես հայտարարվում են արեւմտյան փորձագիտական շրջանակներում", - ամփոփել է Մարկեդոնովը: