Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարական է տվել։ Այդ մասին հաղորդել է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Մեղրյանը հրաժարական տալու իր մտադրության մասին հայտնել էր դեռ երեկ Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, գրել էր, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում շարունակել աշխատանքը որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, և պաշտոնապես հրաժարական կտա։
Հավելենք, որ ԲԴԽ-ն բաղկացած է 10 անդամից, որոնցից 4-ը հրաժարական է տվել, մասնավորապես՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այնուհետև հրաժարական է տվել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, երեկ իր հրաժարականի մասին հայտարարել է նաև Արմեն Խաչատրյանը, այսօր հրաժարական է տվել նաև Սերգեյ Մեղրյանը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նոր ղեկավարի պաշտոնում "Իմ քայլը" խորհրդարանական խմբակցությունը առաջադրել էր Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը: Վերջինս այսօր հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ։ Նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում իրականացնելու է բացառապես անկախ գործունեություն։