Արմինֆո. Անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման մասին օրինագիծը, որը մշակել է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, պատասխանելու է նաև այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասում դատավորների կողմից ապօրինի ձեռք բերված գույքին: Այդ մասին հունիսի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով, ամենասեղմ ժամկետում Հայաստանի կառավարությունը դատաիրավական համակարգի բարեփոխումներին ուղղված օրենսդրական միջոցառումների փաթեթը կներկայացնի հանրությանը: Օրենսդրական փաթեթը ներառում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում դատաիրավական համակարգի բարեփոխման համար նախատեսված ծրագրեր, այդ թվում՝ անցումային արդարադատության եւ վետտինգի վերաբերյալ: Օրենսդրական միջոցառումների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավված են դատաիրավական համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունները:
Ինչպես նշել է Վարդապետյանը, անցումային արդարադատության ոլորտում իրավահարաբերությունները կամ վետտինգի իրականացումը կարգավորող առանձին օրենքի ընդունում չի նախատեսվում, քանի որ առաջին եւ երկրորդ դեպքում էլ այդ մեխանիզմները միայն գործիք են, այլ ոչ թե արդարադատության իրականացման գործընթաց: Ինչ վերաբերում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրվման մասիհ օրինգածին, ապա այն ուղարկվել է միջազգային փորձագիտական կազմակերպություններ՝ դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին ստուգելու համար: Միջազգային փորձագետների կողմից հավանության արժանանալուց հետո նախատեսվում է, որ փաստաթուղթը հասարակական քննարկումների գործընթաց կանցնի։
Հարցին, թե արդյոք կարելի է պնդել, որ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կապված է վետինգին նրա անհամաձայնության հետ, Աննա Վարդապետյանը պատասխանել է. "Ոչ, չի կարելի": Փոխնախարարը չի բացառել, որ կարող է գլխավորել Արդարադատության նախարարությունը, միայն հայտարարելով, որ այսօրվա դրությամբ համապատասխան առաջարկ չի ստացել։