Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Hetq.am-ը՝ վկայակոչելով ՀՔԾ սեփական աղբյուրները: Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Արմինֆո-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ըստ աղբյուրի ՝ քրեական գործը վերաբերում է պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին մատչելի գներով հատկացված պարարտանյութերին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 մլրդ դրամ։ Այդ գումարի մեծ մասը վերադարձվել է։ "Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված զգալի վնասի փոխհատուցումն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը։ Նա պարտավորվել է փոխհատուցում վճարել նաեւ Սերգո Կարապետյանիհամար", - գրում է պարերականը։
ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Պատասխանելով ֆինանսների նախկին նախարարի դեմ քրեական գործի առկայության վերաբերյալ լրագրողների հարցին՝ Խաչատրյանն ասել է, որ չի մեկնաբանում այդ տեղեկությունը։
Մինչդեռ, դեռևս նախորդ տարի Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում ստացվել է 9 քրեական գործ ՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում տարբեր համայնքների հողօգտագործողների շրջանում մատչելի գներով պարարտանյութերի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: "Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2013-2016 թթ. գյուղատնտեսության նախարարությունն առանց մրցույթի Մասիսի շրջանային "Բերքատվություն ԱՄ" միավորմանը տրամադրել է ազոտական պարարտանյութերի ներմուծման, իսկ 2014-2016 թթ.՝ "Հրաշք-Այգի" ՍՊԸ-ն ֆոսֆատային և կալիումային պարարտանյութերի ներմուծման իրավունք է ստացել։ Այդ ընկերությունները, որոնք ամեն տարի իրենց համար ապահովել են մենաշնորհային դիրքեր, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիաների և դրամաշնորհների հաշվին զբաղվել են նշված ծրագրերի իրականացմամբ", - ասված էր Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։