Արմինֆո.Կատարելով մեկ քայլ դեպի Արևմուտք և մեկ քայլ դեպի Արևելք՝ Հայաստանը Եվրոպային չի մոտենում՝ ավելի մոտենալով ԵԱՏՄ-ին։ Մինչդեռ, Երևանը եվրոպական միջոցառումներին իր բոլոր հայտարարություններում ԵՄ-ի հետ մերձեցումը, եվրոպական արժեհամակարգին հաղորդակցումը հնչեցնում է որպես առաջնահերթություն: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին՝ պատասխանելով Արմինֆոյի հարցին։
Հայաստանում Լեհաստանի դեսպանության կողմից կազմակերպված մամուլի շրջագայության շրջանակներում մի խումբ հայ լրագրողներ մայիսի 25-30-ը եղան Վարշավայում, որտեղ հնարավորություն ունեցան հանդիպելու լեհ դիվանագետների, քաղաքական գործիչների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
"Օրինակ, հրաժարվելով մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Հայաստանը դրանով իսկ ցուցադրում է դեպի Արեւելք գնալու ցանկություն։ Դե իհարկե, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառներն, ընդհանուր առմամբ, հասկանալի են։ Այնուամենայնիվ, եթե դուք իսկապես ցանկանում եք զարգացնել տնտեսությունը, ապա դրա աստիճանական անցումն արեւմտյան չափանիշներին, տնտեսական մոդելին, պարզապես, այլընտրանք չունի: Առայժմ Հայաստանում ներդրումներ են կատարում սփյուռքահայերը, եւ դա շատ չէ։ Համապատասխանաբար, Հայաստանն այսօր ավելի լուրջ ներդրումների կարիք ունի՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման նպատակով", - ընդգծել է նա։
Դրա հետ մեկտեղ, Նովակովսկու գնահատմամբ, Հայաստանում քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության դեռ չի հանգեցրել։ Չի բարելավվել նաև ներդրումային միջավայրը Հայաստանում։ Որպես օրինակ դիվանագետը նշել է լեհական "Լյուբավա" ընկերությունը, որը, նրա խոսքով, պատրաստվում է կրճատել արտադրությունը Հայաստանում։ "Այս ձեռնարկության սեփականատերերը մի քանի միլիոն եվրո են ներդրել արտադրության մեջ, իսկ վերջերս կայացած մրցույթի ժամանակ հանկարծ պարզվեց, որ դրա պայմանները ճշգրտորեն հարմարեցվել են "Լյուբավայի" մրցակցի հնարավորություններին", - ընդգծել է նա:
Այս լույսի ներքո՝ Նովակովսկու համար անհասկանալի է, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Ռոբերտ Քոչարյանին ճաղերի հետևում նստեցնելը կոռուպցիոն համակարգի ոչնչացումից ավելի կարևոր է։ Նրա խոսքով, Լեհաստանի, ԵՄ այլ երկրների, հենց Հայաստանից պոտենցիալ ներդրողները շատ լավ տեսնում են այս ամբողջ իրավիճակը, ինչը դեպի հանրապետություն ներդրումների ներհոսքին, մեղմ ասած, չի նպաստում:
"Թավշյա հեղափոխությունը", իշխանափոխությունը Հայաստանում, անշուշտ, ձեր երկրի համար բացեց ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նոր հնարավորությունների պատուհան։ Եվ այսօր ողջ հարցն այն է, թե ինչպես եք դուք օգտագործում այդ հնարավորությունները։ Ցավոք, այդ հնարավորությունների մի մասն արդեն կորսված է։ Եվ այսօր, պարզապես, անհրաժեշտ է օգտագործել այն ամենը, ինչ դեռ հնարավոր է։ Քանի դեռ դրա համար կան բոլոր նախադրյալները", - ամփոփել է Նովակովսկին։