Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե ԼՂՀ սպաներին ՀՀ ՊՆ ուղղակի հրահանգով ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որն արգելում է նրանց մասնակցել ստորագրահավաքին և տարբեր գործիչների հետ հանդիպումներին:
Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ եթե նման փաստաթուղթ ստորագրվել է ԼՂՀ զինծառայողների կողմից, ապա դա տեղավորվում է օրենքների և Սահմանադրության շրջանակներում, որոնք արգելում են զինծառայողների մասնակցությունը քաղաքական գործընթացներին: <Մենք միայն ողջունում ենք ԼՂՀ ՊԲ - ի այս նախաձեռնությունը, եւ չենք հասկանում Բաբայանի առարկության էությունը, ով, վստահ եմ, նույնպես տեղյակ է այդ նորմերի մասին՝ թեկուզ այն պատճառով, որ ինքը ժամանակին գլխավորել է ՊԲ-ն>, - հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ՊՆ-ի տեսանկյունից նման քայլը բխում է հայկական երկու պետությունների անմիջական շահերից, եւ այստեղ չկա որեւէ իրավական խնդիր կամ օրենքի խախտում, ինչպես պնդում է Բաբայանը:
Նշենք, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը հավակնում է հանրապետության նախագահի պաշտոնին 2020 թվականին, հայտարարել էր, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունը հավաքել է սպաներին և ստիպել ստորագրել մի փաստաթուղթ, որն արգելում է նրանց մասնակցել նախընտրական հանդիպումներին եւ ստորագրահավաքներին, եւ այդ ամենը տեղի է ունենում ՀՀ ՊՆ հրահանգով: Սամվել Բաբայանը ստորագրահավաք է կազմակերպում Սահմանադրության փոփոխության համար, որի համապատասխան հոդվածն արգելում է Արցախում 10 տարի չբնակվող թեկնածուներին առաջադրվել նախագահի պաշտոնի համար: