Արմինֆո.ՙԳուդվին-Բեթ՚ բուքմեյքերական ակումբի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի դիմաց: Այդ մասին իրադարձության վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են Հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նրանք դեմ են տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի հավանությանն արժանացած օրինագծին, որով խստացվում են վիճակախաղերի եւ դրամախաղերի կազմակերպման, խաղային ավտոմատների եւ տոտալիզատորների շահագործման պայմանները:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ այդ օրինագիծն ուղղված է որոշակի ընկերությունների դեմ եւ կհանգեցնի գործազրկության աճի ոլորտում: Նաեւ նշվել է, որ օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը "առաջ է տանում կոնկրետ ընկերության շահերը, ինչը կհանգեցնի մենաշնորհի տվյալ ոլորտում": Ակցիայի մասնակիցները պահանջում են թույլատրել խաղային ավտոմատների օգտագործումը մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ ոլորտի ներկայացուցիչները չեն անցել ինտերնետային տարածք: Ցուցարարները նշել են, որ երթևեկությունը փակ կմնա, քանի դեռ իրենց հետ բանակցելու դուրս չեն եկել պատգամավորները՝ "լավ լուրերով":
Չնայած դրամախաղերի ոլորտում բազմաթիվ ընկերությունների առկայությանը՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ ոլորտում մենաշնորհն ունի հենց "Գուդվին - Բեթ" ընկերությունը: "Ակցիայի մասնակիցները ցանկանում են, որպեսզի գազալցակայաններում տեղադրված ապարատները չապամոնտաժվեն։ Բայց ես դա չարիք եմ համարում, և դրանք պետք է վերացնել։ Ես մտադիր չեմ հանդիպել ակցիայի մասնակիցների հետ։ Մարդիկ տանուլ են տալիս իրենց աշխատավարձերը ՝ խաղալով, ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, իմ դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է", - ընդգծել է փոխխոսնակը։
Նշենք, որ այս օրինագծի համաձայն՝ խաղային ավտոմատները, ներառյալ տոտալիզատորները, կարող են գործել միայն խիստ որոշակի գոտիներում ՝ Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում եւ Մեղրիում: Օրինագիծը նախատեսում է տուգանային պատժամիջոցներ կիրառել սահմանված կարգի խախտման համար։ Նախատեսվում է նաեւ կիրառել դրամախաղերի տարիքային ցենզը եւ սահմանափակել անգործունակ մարդկանց մասնակցությունը դրանց: