Արմինֆո. ՙՄեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մարդկանց երկիր, ովքեր հավատում են ամենախելահեղ գաղափարների իրականացմանը՚, - մայիսի 27 - ին Տաթև գյուղում ՙԻմ քայլը հանուն Սյունիքի մարզի՚" գործարար համաժողովի բացմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի զարգացումը պետք է հիմնված լինի քաղաքացիների անհատական ջանքերի վրա։ ՙՄեր կարևորագույն խնդիրն է այսօր հույս, վստահություն, խիզախություն ներշնչել մարդկանց ՝ մտածելու, ստեղծագործելու, երազելու և այդ երազանքներն իրականություն դարձնելու համար։ Հենց այդ նպատակին են կոչված նման համաժողովները՚, - հայտարարել է նա։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը ողջունում է խոշոր կորպորացիաների մուտքը հայկական շուկա։ Դրա հետ մեկտեղ, կառավարության ղեկավարի խորին համոզմամբ, խոշոր ներդրողներն, առաջին հերթին, տաղանդների հետևից են գնում։ ՙՄեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականություն դարձնել, այլև ձևավորել անհրաժեշտ միջավայր, որպեսզի իրականանան նաև այլ մարդկանց երազանքները՚, - ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում տաղանդավոր մարդիկ են ապրում, շատերը նույնիսկ չեն էլ կասկածում այդ մասին։ ՙՄեր նպատակն է անել այնպես, որ նրանք դա տեսնեն, հավատան իրենց և հաղթանակ տանեն՚, - եզրափակել է վարչապետը:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն, իր հերթին, հայտարարել է, որ համաժողովի մասնակիցներին ցուցադրվելու է ֆիլմ, որտեղ տարածաշրջանի ղեկավարությունը փորձել է ներկայացնել Սյունիքի զարգացման իր տեսլականը, ներդրումային ներուժը: ՙԻրականացմանն են սպասում բազմաթիվ հետաքրքիր նախագծեր՚, - ասել է նա:
Մարզպետն իր կողմից պոտենցիալ ներդրողներին վստահեցրել է, որ տարածաշրջանում ներդրումային ծրագրեր իրականացնելիս իրենց չի խանգարի ավելորդ բյուրոկրատիան եւ անտեղի վարչարարությունը: Հունան Պողոսյանը մասնակիցներին կոչ է արել ավելի ակտիվ լինել, ներդրումներ կատարել տարածաշրջանում և համատեղ ջանքերով զարգացնել այն:
Միջոցառմանը մասնակցում են նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ և բիզնեսի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: