Արմինֆո. ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, մայիս 22-ից 24-ը պատվիրակության և Taiex/Twinning/SIGMA գործիքների համակարգող թիմերը, արդեն աշխատանքային մակարդակով, կիրականացնեն այցի օրակարգային քննարկումները ՀՀ կառավարության, քաղհասարակության, բիզնեսի, ֆինանսական համակարգի, դոնոր համայնքի ներկայացուցիչների հետ: Գործընկերները նաև կմասնակցեն Եվրոպական միության հարևանության գործիքի ներքո իրականցվող ոլորտային բյուջետային աջակցության Համակարգող խորհուրդների բազմակի նիստերի, ինչպես նաև կանցկացնեն տեղեկատվական դաս վերոնշյալ և բյուջետային աջակցության գործիքների մասին:
Աշխատանքային օրակարգը մեկնարկել է այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումով: Փոխվարչապետը կառավարությունում նախագահում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և Գործընկերության առաջնահերթությունների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը: Քննարկման օրակարգում են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը և առաջիկա քայլերը, 2019 և 2020 թվականների տարեկան գործողությունների առաջնահերթությունները՝ նախագծային փուլում, և այլ ընթացիկ թեմաներ: