Արմինֆո. Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին (Eleni Stamataki):
Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը և կարևորել է դրա հետագա ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ:
Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխաջակցության և երկու խորհրդարանների բարեկամության խմբերի համագործակցության ընդլայնման հեռանկարին: