Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն այնպիսի երևույթներ` սկսած քաղաքական, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, որ միևնույն է ոչինչ չի փոխվի և այսպես շարունակ: Այդպիսի համոզմունք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում իր ամփոփիչ խոսքում:
ՙՀայաստանի Հանրապետությունում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, որ մենք հնարավորություն չունենք, որ մենք ավելի լավ է հարմարվենք, որ մենք ավելի լավ է ամբիցիաներ չունենանք: Սա առաջին խնդիրն է, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Սա այն ֆենոմենն է, որն իր հետևից բերում է աղքատության, հուսահատության, իր հետևից բերում է այն, որ մեր երկրում ընդհանրապես այդ փախեփախի մթնոլորտն է ձևավորվում, որ լավ, մեկ է՝ այստեղ հեռանկար չկա, բայց մի բան եկեք փախցնենք, գնանք մի տեղ յոլա գնանք: Այս մտածողությունը փոխելը մեր մեծագույն խնդիրն է և դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև քաղաքական մակարդակում մենք սա կարողացել ենք անել, մեզ մնում է այդ գործընթացը շարունակել՚, ընդգծել է նա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, որպես փաստ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական վարքի փոփոխությունը, քաղաքական գործելակերպի փոփոխությունը բերեց քաղաքական փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությունը պետք է բերի տնտեսական փոփոխությունների: ՙԱյսօր աշխարհի առաջատար բոլոր ընկերությունները փնտրում են տաղանդներ, տաղանդներով համակված միջավայր: Երեկ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ էի հանդիպում և ասացի, որ մեր ամենառազմավարական տեսլականը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտ տաղանդների համար, դարձնել երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու, իրացնելու, անսահմանափակ հնարավորություններ կան: Ես հավատում եմ, գիտեմ, համոզված եմ և տեսնում եմ, որ մենք հասնելու ենք այդ նպատակին, մեզ պետք է հետևողականություն, աշխատասիրություն, համբերություն և, իհարկե, ինտելեկտուալ աշխատանք, որը մենք իրար հետ անպայման կանենք», - հայտարարել է վարչապետը: