Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան։ Այս մասին մայիսի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ։
Ընդ որում, նա չի նշել կոնկրետ ամսաթիվը՝ ասելով, որ
միջնորդների այցի մասին լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն ավելի ուշ։
Անդրադառնալով Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը՝ Նաղդալյանը հերթական անգամ հիշեցրել է, որ հաշվի առնելով միջնորդ երկրների մայրաքաղաքներում վերջին հանդիպումների տրամաբանությունը՝ չի բացառվում, որ հաջորդ հանդիպումն անցկացվի ԱՄՆ մայրաքաղաքում։ <Սակայն, քանի դեռ հրավիրող կողմը պաշտոնական հայտարարություն չի արել, ինչ որ բան ասելը վաղաժամ է։ Մենք, համաձայն ստանձնած պարտավորությունների, ժամանակին եւ մյուս կողմերի հետ միաժամանակ կտեղեկացնենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ամսաթվի եւ վայրի մասին>, - ամփոփել է Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ հրավեր է ստացել ամերիկյան կողմից՝ հաջորդ հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում: