Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին տեղեկություններին:
<Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է:
Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց>,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով Հայաստանում ԳԴՀ դեսպանության մամուլի ծառայությունը, Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորել է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով:
<Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևորագույն հիմնասյուներից է: Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով և Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում: Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետևի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում և վնասազերծում, ինչպես նաև Պատերազմի պայթուցիկ մնացուկների և ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման (Explosive Remnants of War and Mine Risk Education (ERW/MRE) capability) հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտության կենտրոնում՚, - ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում:
Նշենք, որ հնացած ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 14-ին, վավերացվել է դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում: Համաձայնագրի շրջանակում Հայաստանը կոչնչացնի 161 միավոր ռազմական տեխնիկա, որոնք կորցրել են մարտական կարևորությունը: Այդ տեխնիկան կապամոնտաժվի և կվաճառվի որպես մետաղ: Վաճառքից ստացված միջոցները կուղղորդվեն հանրապետության` Ադրբեջանին սահմանակից տարածքների ականազերծմանը և տեղի բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Հնացած մարտական տեխնիկայի ոչնչացումից հետո Հայաստանը կարող է ստանալ նույն քանակությամբ նոր տեխնիկա: Նախագծի իրագործման համար Գերմանիայի կառավարությունը կհատկացնի շուրւ 1,5 մլն եվրո: Ծրագրի իրագործման նպատակով առաջիկա երկու ամիսներին Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն Վստահության հիմնադրամ, որի նկատմամբ կկիրառվեն հարկային և մաքսային արտոնություններ, ինչպես նաև գույքի անձեռնմխելիություն:
Այս հաղորդագրությունը առաջացրել է լուրջ հասարակական հնչեղություն, շատերը քննադատել են իշխանությունների այդ գործողությունները ՝ դրանք համարելով նպատակաուղղված զինաթափում:
Արմինֆո.Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: