Արմինֆո. ՙՄենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի նշեինք Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար:
Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցին բոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում՚, - հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո կայացած ճեպազրույցում:
Անդրադառնալով Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ երեք հռչակագերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ձախողվմանն առնչվող հարցին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ հանդիպումն ունի իր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով: ՙԱրևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից: Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները: Մենք ունենք ամփոփում մեր 10 տարվա գործունեության, որն արտահայտվել է տիկին Մոգերինիի հայտարարության միջոցով։ Մնացածը գործընթաց էր՚։
Պատասխանելով Եվրամիության և Ադրբեջանի համաձայնագրում Ղարաբաղի հետ կապված ձևակերպումների և մեր համաձայնագրի ձևակերպումների համահունչ և բաղդատելի լինելու վերաբերյալ հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել . ՙՆորից կրկնեմ, որ մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը։ Հույսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ՚։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ հնարավոր գործընկերության հետ կապված Հայաստանը որևէ կոնկրետ վերապահում ներկայացրել է Եվրամիությանը, Զոհրաբ Մնացականյան նորից կրկնել է, թե մենք ՙերրորդ կողմ ենք այս բանակցություններում, և հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետևողականությանը՚։