Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսի նախագահական նստավայրում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Կաթողիկոսության մամլո հաղորդագրության համաձայն, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի ներկա կացությանը, հայ համայնքին առնչվող հարցեր ու ծրագրեր:
Վերափառը շնորհակալություն է հայտնել Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցու վերանորոգման համար նախագահականի կողմից հատկացված գումարի համար, ապա, հիշեցրել է Ցեղասպանությունից հետո սիրիացի ժողովրդի ջերմ հյուրընկալության մասին, հաստատելով, որ հայ համայնքը կառչած է Սիրիային եւ հենց այս վճռականությունից մղված է սկսել վերականգնման աշխատանքները: Վեհափառ Հայրապետը նաեւ հիշեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը թե Հայաստանի, թե Սիրիայի համար կարեւոր է քաղաքական ու մշակութային եւ պահանջատիրական իմաստով:
Նախագահ Ասադն, իր հերթին, ողջունելով Նորին Սրբության այցը, բարձ է գնահատել սիրիահայությանը, նշելով, որ նրանք համահավասար քաղաքացիներ են եւ նույն պարտավորություններով ու իրավունքներով են կապված Սիրիայի հետ:
Նա նշել է, որ հայերը միշտ եղել են վստահելի, սիրելի եւ աշխատասեր քաղաքացիներ, որոնք իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջխաղացման հարցում: Նա պայմանների բերումով երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ եւ վերականգնել իրենց տներն ու գործատեղիները երկրում, վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը: