Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է վերջին օրերին մամուլում հաճախակի հնչող այն կարծիքին, ՙթե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ՚:
ՙԱրցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնց գործող նախագահ Բակո Սահակյանը հրաժարվել է մասնակցել: Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում ՙԱզատ հայրենիքի՚ թեկնածուն կլինի կուսակցության առաջնորդ, Արցախի նախկին վարչապետ, այժմ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: