Արմինֆո. Անգլիական ՙԱրսենալ՚ ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել իսպանական ՙՎալենսիայի՚ նկատմամբ եւ դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:
Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 29 - ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, ՙԱրսենալը՚ կհանդիպի անգլիական մեկ այլ ակումբի ՝ Լոնդոնի ՙՉելսիի՚ հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է գերմանական ՙԱյնտրախտին՚:
Այժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Բաքու: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարը ESPN մարզական կայքին հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի ՙԱրսենալը՚ լիակատար աջակցություն կստանան
ՈՒԵՖԱ-ից հայ ֆուտբոլիստի ՝ Բաքու մեկնելու համար ադրբեջանական վիզա ստանալու հարցում, եթե անգլիական ակումբը հասնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ: ESPN-ը հիշեցնում է, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Մխիթարյանը չէր խաղացել Բաքվի ՙՂարաբաղի՚ հետ ՙԱրսենալի՚ հանդիպմանը: 2015-ին Մխիթարյանը Բաքու չէր մեկնել Դորտմունդի ՙԲորուսիայի՚ կազմում, որը խաղացել էր ադրբեջանական ՙԳաբալայի՚ հետ: Գերմանական ակումբն այն ժամանակ հայտարարել էր, որ իրենք որոշել են Մխիթարյանին Գերմանիայում թողնել ՙանվտանգության նկատառումներից ելնելով՚՝ չնայած ադրբեջանական կողմը խոստացել էր նրան վիզա տրամադրել։