Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ: Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց: Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած հայրենասիրությունը, անձնազոհությունը և պարտքի զգացումն այն արժեքներն են, որոնք առ այսօր միավորում են մեզ՝ ամուր հիմք ստեղծելով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության համար: Հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: