Արմինֆո. Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծումը ղարաբաղյան հակամարտությունում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ տեւական հակամարտության հետ զուգահեռներ հայտնվելու նախանշանակն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Լեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդին առընթեր Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
ՙԽոսքը վերաբերում է ապրիլի 30-ին Հայաստանի Տավուշի մարզում Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի գնդակոծությանը։ Այդ հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է հայ զինծառայող։ Վերջին օրերին նմանատիպ գնդակոծություններ են եղել Արցախի շփման գծում և նույնպես ուղեկցվել են երկու հայ զինվորականների ծանր վիրավորումներով: Հենց այդ միջադեպերը բանակցային գործընթացում ընդհանուր լարված մթնոլորտի հետ մեկտեղ հայ-ադրբեջանական հակամարտությունում որակապես նոր պարադիգմի ի հայտ գալու նախանշանակ են՚, - կարծում է վերլուծաբանը։
Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի անկախության, հայ հասարակության և ինքնության գաղափարախոսական զարգացման 30 տարիները ամուր ձևավորել են Արցախի ընկալումը որպես Հայաստանի օրգանական և անքակտելի մաս: Եվ հենց դե ֆակտո Հայաստանի կողմից վերահսկվող Արցախի հետ դե յուրե Հայաստանի մարզերի կարգավիճակի լիակատար միաձուլման միտումը հանգեցրել է ազգային անվտանգության և պաշտպանության դոկտրինների առաջացման, որոնք Արցախի նկատմամբ պատերազմի սպառնալիքը հավասարեցնում են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքին։ Ավելին, վերլուծաբանի կարծիքով, այդ համոզմունքն արդեն հստակ արտացոլվել է Արցախի ապագայի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականում, ըստ որի, ՙայն պատկանում է ՙհայոց աշխարհին՚։
Վերլուծաբանի գնահատմամբ, այս դոկտրինի վառ հետևորդներից և հեղինակներից մեկը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է։ Աբրահամյանը նրան գնահատում է որպես Արևմուտքում կրթություն ստացած զինվորականների հետխորհրդային սերնդի ներկայացուցիչ, որոնց մտածելակերպն ավելի համապատասխանում է ՆԱՏՕ-ի զինվորականների, քան իրենց ռուս գործընկերների հոոգեկերտվածքին։ Հայաստանի պաշտպանական համակարգի զարգացման վերաբերյալ Տոնոյանի տեսլականը զինված ուժերի խոր եւ համակողմանի արդիականացման անհրաժեշտությունն է, ինչպես նաև դոկտրինային բարեփոխումները ՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրների սպեկտրը առավել արդյունավետ լուծելու նպատակով։
Դավիթ Տոնոյանի ՙակտիվ զսպման դոկտրինը՚ զգալի աստիճանով հիմնված է զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների շարժունակության բարձրացման վրա, ինչն այդ ուժերին թույլ կտա արագ վերատեղաբաշխվել հակառակորդի հարձակմանը զուգընթաց կամ, նույնիսկ, դրա նախաշեմին: Այս դոկտրինը, որն արդեն մի շարք փոփոխություններ է կրել, հենվում է դասական պատերազմի ոչ ավանդական տարրերի վրա՝ տակտիկական մակարդակով, մասնավորապես՝ կանխարգելիչ հարվածներ։ Պակաս կարևոր չէ, որ այդ հարվածները նախատեսում են պոտենցիալ ագրեսոր Ադրբեջանի տարածքների ընդգրկումը, ինչն էլ հանդիսանում է հակամարտության հետագա զարգացման վերոնշյալ հեռանկարների հիմնավորումներից մեկը՚, - ամփոփել է վերլուծաբանը։