Արմինֆո.<Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը համաձայն չէ <Քաղաքացու որոշում> կուսակցության պահանջի հետ և մտադիր չԷ հրաժարվել պատգամավորական մանդատից:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ մանդատից հրաժարվելու հիմքեր չի տեսնում, քանի որ իր բոլոր ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: <Ես կարծում եմ, որ իմ դեմ ծավալված արշավը նախանձի սովորական դրսևորում է ։ Եվ այս ամենն առաջին հերթին վնասում է պետությանը, քանի որ ներդրողները վախենում են բիզնես հիմնել մեր երկրում>, - ընդգծել է պատգամավորը։
<Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին նշել է, որ խմբակցությունում քննարկումներ են եղել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցի շուրջ, սակայն որոշում է կայացվել սպասել մինչեւ իրավապահ մարմինները եզրակացություն տան այդ հարցի վերաբերյալ:
Նշենք, որ անցած շաբաթ <Քաղաքացու որոշում> կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկել հայտարարություն, որում խնդրում է քրեական հետապնդում սկսել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ ելնելով Ծառուկյանի մի շարք հայտարարություններից, ստացվում է, որ նա, չնայած պատգամավոր է, շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հակասում է օրենքին: Կուսակցության ներկայացուցիչները խնդրում են պարզաբանել այս գործը, և եթե այդ կասկածները հաստատվեն, Ծառուկյանին զրկել մանդատից