Արմինֆո.ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխության նախագիծը ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգում:
Օրինագծի մշակողներից մեկի՝ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով, օրինագծով նախատեսվում է բնական աղետներից տուժած ֆերմերներին ազատել հողահարկի վճարումից, եթե վնասը գերազանցել է 50 տոկոսը: Պատգամավորը հիշեցրել է, որ ներկայում գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 60 տոկոսը չի մշակվում մի շարք պատճառներով, որոնցից մեկը հողահարկի բարձր դրույքաչափերի կիրառումն է: Ընդ որում, Հայաստանի քաղաքացիների 36,1 տոկոսը գյուղական բնակավայրերի բնակիչներ են, եւ նրանց խնդիրների լուծումը, այդ թվում ՝ կլիմայական փոփոխությունների պատճառով, պետք է դառնա պետության հոգսը:
Սակայն, ինչպես նկատել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ներկայացրած փաստաթուղթը բուռն քննարկումների առարկա է դարձել հանձնաժողովի նիստի ընթացքում։ Չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, այդ թվում նաեւ կոռուպցիոն բնույթի, այնուամենայնիվ, հանձնաժողովի ղեկավարն առաջարկել է հարցը ներառել օրակարգում եւ այն քննարկել խորհրդարանի լիագումար նիստերից մեկում: Նա նաեւ հիշեցրել է, որ ընթացիկ տարվանից կիրառվում է ագրոապահովագրության ծրագիրը, որը կոչված է կարգավորելու ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության կողմից բարձրացված հարցերը:
Նշենք, որ մայիսի 7-ին մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Խորհրդարանականների օրակարգում 14 հարց է, որոնց թվում են ՙԳովազդի մասին՚, ՙՏոների եւ հիշատակի օրերի մասին՚ օրենքներում, քրեական եւ հարկային օրենսգրքերում եւ այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը: