Արմինֆո.Capital Finance International (CFI.co) ամսագիրը ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերությանը ճանաչել է Կովկասի տարածաշրջանում 2019թ. էլեկտրաէներգիայի լավագույն մատակարար։
ՙԸնտրություն կատարելիս մենք հաշվի ենք առնել Ընկերության՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստանդարտներին համապատասխանությունը, մեծ ուշադրությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանն ու էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին։ Ուսումնասիրելով ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերության գործունեությունը վերջին տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ Ընկերությունը ջանք չի խնայում իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ՚, -նշում է ամսագրի գործառնական տնօրեն Ջեքի Չափմանը:
«Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը։ Եվ սա մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։ Մենք այսօր անում ենք հնարավորը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ։ Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին ու CFI.co ամսագրին մեր աշխատանքին նման բարձր գնահատական տալու համար», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
CFI.co-ը տպագիր ամսագիր ու օնլայն հարթակ է բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների մասին։ Ամսագրում նշվում է, որ զարգացած ու զարգացող շուկաների միջեւ ավանդական տարանջատումը հետզհետե նվազում է, քանի որ այժմ երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի են զարգանում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին տենդենցների վերլուծությունը։ CFI.co գրասենյակը տեղակայված է Լոնդոնում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ում իրականացվում է 10-ամյա ծրագիր, որի արժեքը գերազանցում է 730 մլն դոլարը: Ծրագիրը նպատակաուղղված է ծառայությունների որակի բարձրացմանը, կորուստների կրճատմանը եւ սպառողների պահանջների բավարարմանը: Նախագծին իրենց մասնակցությունն են ցուցաբերել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (80 մլն դոլար), Ասիական զարգացման բանկը (80 մլն դոլար) եւ Եվրասիական զարգացման բանկը (20 մլն դոլար):
Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ՙՏաշիր՚ ընկերությունների խումբը և ՙԻնտեր ՌԱՕ՚ ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերի 30-ին պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռուսական էներգահոլդինգի էլեկտրաէներգետիկ ակտիվների՝ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ և Հրազդանի ՋԷԿ առքուվաճառքի մասին։ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ն ստեղծվել է 2002թ. մայիսին էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման չորս պետական տարածաշրջանային ընկերությունների՝ ՙԵրևանի էլեկտրական ցանցերի՚, ՙՀյուսիսային էլեկտրական ցանցերի՚, ՙՀարավային էլեկտրական ցանցերի՚ և ՙԿենտրոնական էլեկտրական ցանցերի՚ միաձուլման արդյունքում: Ընկերության գործունեության հիմնական տեսակն է էլեկտրաէներգիայի կարգավորվող բաշխումն ու վաճառքը։ Ցանցերի ընդհանուր երկարությունը 36 հազար կմ է: Ընկերությունը սպասարկում է շուրջ 985 000 սպառողների: ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման բացառիկ լիցենզիա ունի երաշխավորված սակագներով, որոնք հաշվարկվում են ՝ ելնելով ընկերության ծախսերից և ներդրված կապիտալի վերադարձի կարգավորվող դրույքաչափից: