Արմինֆո. Հայաստանի ՙթավշյա հեղափոխությունը՚ նոր, բավականին հետաքրքիր միտումներ է մտցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումներում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը։
ՙ27 տարի անպտուղ բանակցություններից հետո թվում էր, թե բոլոր հնարավոր սցենարները քննարկվել են, և գործընթացը աշխուժացնելու ունակ գաղափարներ այլևս չկան։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ նոր քննարկումներ են ծավալվել հակամարտության կարգավորման մոտեցումների շուրջ։ Եվ նման քննարկումների մեկնարկը տվել են տարբեր ժամանակներում և տարբեր հարթակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՚, - ընդգծել է նա։
Նման հայտարարություններից արցախցի խորհրդարանականը հատկապես առանձնացրել է Հայաստանի վարչապետի 2018 թվականի մայիսի 9-ի հայտարարությունը։ Պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես հաջորդ օրը Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ անհրաժեշտ է Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ Եւ այստեղ, ըստ Խանումյանի գնահատման, նոր էր ոչ թե գաղափարը, այլ այն հիմնավորող պատճառաբանությունը. Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականներին, բանակցություններում ներկայացնում են նրանց կողմից ընտրված իշխանությունները։ Մինչդեռ Արցախի ժողովուրդը Հայաստանում իշխանության ձևավորմանը չի մասնակցում, հետևաբար բանակցություններին պետք է մասնակցի արցախցիների կողմից ընտրված ղեկավարությունը։
Այսպիսով, ըստ նրա, Հայաստանի վարչապետին հաջողվում է հեշտությամբ արդիականացնել ակնհայտ հասկացություններով, որոնց մասին մինչ օրս կամ չի խոսվել, կամ պատշաճ ձևով չի խոսվել։ Եվ այս անհաղթահարելի փաստարկներին ի պատասխան ինչ-որ հստակ բան ներկայացնել ի վիճակի չեն ոչ Ադրբեջանը, ոչ էլ փորձագիտական տարբեր շրջանակներ։ Պատգամավորի կարծիքով՝ հետաքրքրություն են ներկայացնում նաև Երևանի մարդասիրական նախաձեռնությունները, որոնք նախկինում դիտարկվել են որպես թուլության նշան։ Սակայն Փաշինյանի կառավարությանը հաջողվեց նման նախաձեռնություններ առաջ քաշել ուժի դիրքերից՝ միաժամանակ ձևավորելով Հայաստանի միջազգային դրական իմիջը։
ՙԱյդուհանդերձ, բանակցություններում տեղաշարժերի համար կարգավորման ուղղությամբ կառուցողական աշխատանքին միայն Երեւանի մոտեցումներն ու պատրաստակամությունն ակնհայտորեն բավարար չեն։ Բաքվում խաղաղ կարգավորման հասնելու ցանկություն նախկինի պես չկա։ Իսկ Փաշինյանի նախաձեռնություններն ու հռետորաբանությունը Իլհամ Ալիևի համար դարձել են մարտահրավեր, որին Բաքուն փորձում է պատասխանել շրջանառության մեջ հայտնված փաստարկներով։ Այսպիսով, թեև վերջնական կարգավորումը դեռևս չի երևում, սակայն Հայաստանում իշխանափոխությունը և Երևանում նոր իշխանությունների ջանքերը էապես թուլացրել են Բաքվի փաստարկները՝ հօգուտ պատերազմի։ Ընդ որում, պետք է միշտ հիշել, որ մեր հակառակորդը լավ զինված է և ագրեսիվ։ Ըստ այդմ, չանտեսելով պատերազմի վերսկսման հավանականությունը, Հայաստանին անհրաժեշտ է հնարավորինս երկար պահպանել հրադադարը, առնվազն, սպառազինության մեջ անհավասարակշռությունը հավասարեցնելու նպատակով՚, - ամփոփել է արցախցի խորհրդարանականը։