Արմինֆո. Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 8-ին և կանցկացվեն մինչև մայիսի 26-ը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունից, Եվրոպայի օրվա պաշտոնական մեկնարկը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 10:30-ին՝ Նկարիչների միությունում:
Մեկնարկային միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կազդարարի համաեվրոպական տոնի հայաստանյան մեկնարկը, կտեղեկացնի Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում սպասվող միջոցառումների մասին:
Եվրոպայի օր 2019-ի տոնական միջոցառումները կանցնեն «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Կապանում մայիսի 11-ին: Եղեգնաձորը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 12-ին, Իջևանը՝ մայիսի 17-ին, Դիլիջանը՝ մայիսի 18-ին, Գյումրին՝ մայիսի 19-ին, իսկ Երևանում տեղի կունենան մայիսի 21-ին դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը՝ մայիսի 26-ին: Միջոցառումները ներառելու են բացօթյա տեղեկատվական ցուցահանդեսներ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրանց շահառուների մասնակցությամբ, սպորտային և ժամանցային բազմաթիվ մրցույթներ, «Սկանդինավյան քայլք» Երևանում՝ ԵՄ դեսպանի մասնակցությամբ, անվանական նվերներ Եվրոպական միության պատվիրակության կողմից և մեծ բացօթյա համերգներ բոլոր քաղաքներում հայաստանյան և եվրոպական լավագույն արտիստների մասնակցությամբ:
Իրենց մշակութային և ժամանցային միջոցառումներով մայիս ամսվա ընթացքում Պատվիրակությանը միացել են նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետություների դեսպանությունները: Բոլոր միջոցառումների մանրամասները՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia էջում: Հանրային միջոցառումների մուտքն ազատ է