
Արմինֆո. ԱՄՆ գլոբալ և տարածաշրջանային շահերի միահյուսման և փոխկապակցման բարձր աստիճանը թույլ է տալիս Արցախում խաղաղության կամ պատերազմի հարցը կապել նույնիսկ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային բանակցությունների ելքի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան, հայտնի քաղաքագետ Արման Մելիքյանը։
ՙԱյդ լույսի ներքո ամերիկյան դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրությունն արցախյան հիմնախնդրի և Հայաստանի նկատմամբ զարմանք չի առաջացնում։ Համապատասխանաբար, Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է ունենալ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների հստակ ընդհանուր հայեցակարգ, որի հիման վրա Հայաստանը միջպետական հարաբերություններ կառուցի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի, Ռուսաստանի, անմիջական հարեւանների եւ այլ երկրների հետ՚, - նշել է նա։
Մելիքյանի գնահատմամբ, արտաքին քաղաքականության նման հայեցակարգի ձևավորման համար Հայաստանի գործող իշխանություններին անհրաժեշտ է ունենալ հստակ պատկերացումներ, աշխարհում զարգացումների, ազդակների և իրադարձությունների տեսլական՝ առնվազն առաջիկա մեկ-երկու տասնամյակի համար։ Նրա կարծիքով, նման կանխատեսում հնարավոր է, եւ այն կարելի է պատրաստել նաեւ Հայաստանում։ Սակայն դրա համար, նախ, իշխանությունները պետք է գիտակցեն նման լուրջ աշխատանքի անհրաժեշտությունը։
ՙՄիայն դրանից հետո նրանք կկարողանան զբաղվել այդ գործընթացի կազմակերպմամբ, հանդես գալ որպես դրա պատվիրատու։ Հասկանալի պատճառներով նման աշխատանքը չի կարող ունենալ արտաքին ֆինանսավորում և, նույնիսկ, քաղաքական աջակցություն։ Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի ստեղծումը կանխատեսման հիման վրա ենթադրում է պահանջարկի առկայություն բացառապես Հայաստանի ներսում և պետք է արվի իշխանության պատվերով։ Ցավոք, այսօր պետական մակարդակով նման պահանջմունք չի նկատվում՚, - ամփոփել է Մելիքյանը ։