Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի իրականացրած հանցագործության մասին <Քաղաքացու որոշում> կուսակցության հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
<Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Մենք այս հաղորդումն ուղարկել ենք ՀՔԾ ՝ հանձնարարելով, որ Հատուկ քննչական ծառայությունը, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով, սկսի համապատասխան ընթացակարգեր։ Ստուգումների հիման վրա նախաքննություն իրականացնող մարմինն իր գնահատականը կտա գործի վերաբերյալ>, - ընդգծել է Դավթյանը ։
Նշենք, որ ապրիլի 29-ին <Քաղաքացու որոշում> կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկել հայտարարություն, որում խնդրում է քրեական հետապնդում սկսել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ ելնելով Ծառուկյանի մի շարք հայտարարություններից, ստացվում է, որ նա, չնայած պատգամավոր է, շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հակասում է օրենքին: Կուսակցության ներկայացուցիչները խնդրում են պարզաբանել այս գործը, և եթե այդ կասկածները հաստատվեն, Ծառուկյանին զրկել մանդատից ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոստացել է այս հարցով հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Իսկ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ներկայացուցիչները միաձայն հայտարարում են, որ Ծառուկյանը բիզնեսով չի զբաղվում։ Ավելին, ըստ Արմինֆո-ի ունեցած տեղեկությունների, եթե Ծառուկյանը զրկվի մանդատից, կամ սկսվի նրա ունեցվածքի բռնագրավման գործընթացը ՝ օրենքների խախտման պատրվակով, ապա ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները կհրաժարվեն մանդատից, և այդ ժամանակ խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի և նոր ընտրություններ կնշանակվեն, որտեղ ԲՀԿ-ն մտադիր է հանդես գալ նոր ընդլայնված դաշինքով ։