Արմինֆո.Հայաստանի կառավարությունը համաներել է 2002 - 2012թթ. ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին տրված ժամկետանց վարկային պարտավորություններն ու տուգանքները:
Ինչպես ասվում է փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ, 2002-2012 թթ. Հայաստանի կառավարությունը բյուջետային միջոցների հաշվին աջակցել է բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին երկարաժամկետ վարկեր տրամադրելուն՝ նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով: Մասնավորապես, վարկերի տոկոսադրույքը կազմում էր տարեկան 1%՝ 25 տարի մարման ժամկետով։ Արդյունքում՝ բնադատվածի կարգավիճակ ունեցող կամ նրա առաջին հերթի ժառանգորդ հանդիսացող 303 քաղաքացիների տրամադրվել են 1,272,094,607 դրամ գումարի վարկեր։
10.09.2018 թ. դրությամբ վարկառուների կողմից մարվել է վարկի մայր գումարի 201, 248, 968 դրամ գումարը եւ 43,212,535 դրամը կազմել են տոկոսագումարների վճարումները: Ընդ որում, 114 վարկատու ընդհանրապես չի իրականացրել իր վարկային պարտավորությունները։ ՙԽնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց մարդիկ եւ սոցիալապես խոցելի քաղաքացիներ են, որոնք օբյեկտիվորեն չեն կարողանում իրականացնել իրենց վարկային պարտավորությունները՚, - ասված է որոշման նախագծում:
Արդյունքում կառավարությունը որոշում է կայացրել ներել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց և նրանց առաջին հերթի ժառանգների չվճարված վարկերի գումարները, ինչպես նաև նախագծի ուժի մեջ մտնելու պահին ձևավորված տուգանքները: