Երկուշաբթի, 29 Ապրիլի 2019 17:26
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Չինաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Չինաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արմինֆո.Չինական կողմի հրավերով ապրիլի 25–27-ը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Գոտի եւ ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին»։

 

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ապրիլի 25-ին նախարար Գրիգորյան մասնակցել է «Գոտի եւ ճանապարհ միջազգային կանաչ զարգացման կոալիցիայի» մեկնարկին նվիրված լիագումար նիստին, իսկ այնուհետև՝ «Կանաչ մետաքսի ճանապարհ» համաժողովին։

 

Այցի շրջանակում Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի իր պաշտոնակից Լի Գանծիեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի կատարելագործմանը, Չինաստանում անցկացվող շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերապատրաստման դասընթացներին ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների մասնակցությանն առնչվող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի նախարարության միջեւ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

 

Ապրիլի 26-ին նախարար Գրիգորյանը մասնակցել է «Գոտի եւ ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովի» բացման արարողությանը, բարձրաստիճան ղեկավարների համաժողովին:

 

Հայաստանի բնապահպանության նախարարը մասնակցել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ հյուրերի պատվին կազմակերպված ընթրիքին:

 

Հավելենք, որ Պեկինում կայացել է ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ միջազգային համագործակցության երկրորդ համաժողովը, որի արդյունքում ստորագրվել են ավելի քան 64 մլրդ դոլարի 283 համաձայնագրեր: ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, ելույթ ունենալով համաժողովում, հայտարարել է. ՙՄենք շարունակելու ենք այսուհետև էլ աջակցել երկխոսության եւ համագործակցության ճանապարհով ընդհանուր աճի հասնելու սկզբունքը, օգտագործելով խորհրդատվությունները և կիսելով պատասխանատվությունը փոխշահավետության հասնելու համար:  Մենք ողջունում ենք բոլոր երկրներին, որոնք շահագրգռված են ՙՄեկ գոտի՝ մեկ ճանապարհ՚ նախաձեռնությանը մասնակցելու հարցում։  Չինաստանը պաշտպանել է  եւ կպաշտպանի հրապարակայնությունը, ազնվությունը եւ էկոլոգիական տեխնոլոգիաների զարգացումը: Մենք դեմ ենք պրոտեկցիոնիզմին և անելու ենք հնարավորը ապագայում բաց, էկոլոգիական և հաջող Մետաքսի ճանապարհ կառուցելու համար՚։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի