Արմինֆո.Ռուսաստանը, որպես ինքնիշխան երկիր, կորոշի՝ արժե արդյոք բավարարել Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալու միջնորդությունը, թե՞ ոչ ։ Այս մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում։
Նա նշել է, որ Միհրան Պողոսյանը իրավունք ունի քաղաքական ապաստան խնդրել, այլ հարց է, թե որքանով է նրա արարքը հայրենասիրական և որքանով է բարոյական: <Բացի այդ, ինչպես գիտեք, տեսակետ կա, որ Պողոսյանի այդ գործողությունները պաշտպանական մարտավարություն են, և իրականացվում են ժամանակ շահելու համար։ Ինչևէ, դա նրա իրավունքն է>, - ընդգծել է Զեյնալյանը
Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուսական կողմին է փոխանցել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես մեղադրյալ է ներգրավվել ՙառանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում" և "պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ" հոդվածներով հարուցված քրեական գործով: Ավելի ուշ Պողոսյանի նկատմամբ ազգային եւ միջազգային հետախուզում Էին հայտարարել եւ ապրիլի 19-ին ձերբակալել Պետրոզավոդսկում: