Արմինֆո. ՙԳիտեք, դժբախտաբար այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, ինձ որևէ հույս չի ներշնչում, որ մենք որևէ ճանապարհ ունենք ինչ-որ ուղղությամբ շարժվելու՚, - հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների պատային վիճակին առնչվող հարցին:
ՙԳիտեք, որ Հայաստանի կողմից բավական մեծ ներդրում էր արվել 2009թ. Ցյուրիխի արձանագրությունների համար, և Թուրքիան ուղղակի մերժեց այդ ամենը: Անմիջապես այն քաղաքական գործիչը, որ դերակատարն էր մերժման այդ գործընթացի, այսօր ղեկավարն է այդ երկրի, և այն պատգամները, որ մենք տարիներ շարունակ լսում ենք Թուրքիայից, հուսադրիչ չեն: Նույնիսկ կասեի՝ մեկնաբանություններ և հայտարարություններ, որ նույնիսկ դատապարտելի են՚, - նշել է արտգործնախարարը:
Պատասխանելով Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ իր սեփական կարծիքին առնչվող հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է. ՙԵս կարծում եմ, որ այդ գործընթացը բավական աշխատատար էր, համապարփակ քննարկված և բանակցված փաստաթղթեր էին, որոնք արժանացել էին մեր համահայկական քննարկումներին: Բնական է, շատ զգայուն և ծանր հարց էր, և ես կարծում եմ, որ կար գործընթաց, կար արդյունք: Ե՛վ Հայաստանի կողմից, և՛ Հայաստանի ժողովրդի կողմից, և՛ համայն հայության կողմից բոլոր այդ հակասական իրադրության մեջ եղավ արդյունք: Բայց դրան գնահատական տալը անհնար է, որովհետև մենք կորցրեցինք հնարավորություն: Մենք բոլորս միասին կորցրեցինք հնարավորություն, և պատճառը Թուրքիան է: Սա ավելի շատ հիմք է մեզ համար գնահատելու՝ ուր ենք այսօր և ինչ կարող ենք անել: Եվ այս պահի դրությամբ լավատեսության որևէ հիմք չունեմ՝ տեսնելու, թե ինչպես մենք կարող ենք կառուցել որևէ բան՚, - հայտարարել է նա:
Անդրադառնալով վերը նշված գործընթացում Թուրքիայի շարժառիթների գնահատականին առնչվող հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. ՙԴժվար է գնահատել, քանի որ այն ժամանակ ես այդ գործընթացի մասնակից չեմ եղել: Գիտեք, գործընթացը սկսել էին դեռ նախագահ Գյուլի ժամանակ, իսկ հետագա դերակատարները եղել են մյուսները: Կրկնեմ՝ մենք դատում ենք այսօրվա արդյունքով, որն իրականում չկա՚:
Պատասխանելով ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ուղերձին Անկարայի կոշտ արձագանքի վերաբերյալ հարցին՝ արտգործնախարարն ասել է. ՙԳիտեք, Դուք մեկ օրինակ բերեցիք, արձագանքը մեկ ուղղությամբ, բայց եթե դատեք արձագանքներն ամբողջ ծավալով, դրանք չափազանց անընդունելի են: Եվ նորից ցույց են տալիս սահմանափակումն առնչվելու, առերեսվելու իր սեփական պատմության հետ: Եվ այն, ինչն արտահայտվել էր երեկ, ուղակի դատապարտելի է: Դա վիրավորական է, դա անընդունելի է. սա ոչ թե ուղղակի մերժում է, այլ նույնիսկ արդարացում ցեղասպանությունը: Եվ ամենազավեշտալին այն է, որ արդարացնելով ցեղասպանությունը՝ նա փաստացի ընդունում է, որ դա եղել է կազմակերպված գործառույթ իշխանությունների կողմից: Հայերին, մեր նահատակներին, ցեղասպանության զոհերին անվանելով անընդունելի ձևով և արդարացնելով այն, ինչ որ արվել է այն ժամանակվա Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից. այս ամենն արդեն ուղղակի որևէ կերպ չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ՚: