
Արմինֆո. ՙՄեզ համար շատ պարզ սկզբունք է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղի է ունենում շատ հստակ, միջազգայնորեն ճանաչված և միջազգային հանրության աջակցություն ստացած շրջանակներում` Մինսկի խմբի համանախագահություն՚, - հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում, հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահության մեջ աշխատում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, աշխատում է Ադրբեջանը, աշխատում է Հայաստանը։ ՙ
Դուք գիտեք, մենք նաև ունենք շատ էական հարց, որը վերաբերում է այս գործընթացի լիարժեք ֆորմատին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Մենք շատ հստակ ենք եղել. սա շատ պրակտիկ, շատ կարևոր հարց է, որովհետև Լեռնային Ղարաբաղին է վերաբերում այս ամենը։ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է` քաղաքական միավոր, որն իր ամբողջ ինստիտուցիոնալ կարողությունով, ունի ամբողջ այդ ռեսուրսը` ներկայացնելու Արցախի հարյուր հիսուն հազար բնակչությունը, մանդատը և այն ամենը, ինչ բխում է այդ մանդատից։ Նրանք սուբյեկտ են բանակցությունների, և ընդունելի պետք է լինի այս ամենը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Իրենց անունից խոսում է մանդատ ստացած իշխանությունը: Մենք շատ հստակ ենք այս հարցում, մենք մեր պատասխանատվությունից չենք փախչում, մենք մեր պատասխանատվությունը շատ լավ գիտենք և շարունակելու ենք մեր աշխատանքը։ Հայաստանի Հանրապետությունը եղել է և մնում է բանակցային կողմ, և մենք մեր գործառույթն իրականացնելու ենք, կատարելու ենք։ Սա պրակտիկ հարց է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունները զրկված են բանակցությունների սեփականությունից այն առումով, որ չեն տիրապետում, չեն մասնակցում, չունեն գործառույթ, դա նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։ Այդ առումով մեր մոտեցումը պրակտիկ է. մեզ անհրաժեշտ է արդյունավետ բանակցային գործընթաց։ Սա է մոտեցումը՚, - ընդգծել է արտգործնախարարը, հավելելով, որ գործընթացում Թուրքիայի ուղղակի ներգրավման փորձերի հարց չի բարձրացվել կարգավորման շուրջ բանակցություններում։
Արտգործնախարարը, միևնույն ժամանակ, կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահությունը դեմ չի լինելու, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան գալ համաձայնության և գտնել ձևաչափեր։
ՙԿարծում եմ` մենք բավական շարունակական շարժվել ենք այս ամիսների ընթացքում։ Նորից կրկնեմ, որ սա շատ էական հարց է մեզ համար, որ նոր իշխանությունները մայիս ամսից հետո որևէ պահ չեն դանդաղեցրել այս ամենը։ Արդեն հունիս ամսին մենք ունեցանք առաջին հանդիպումը համանախագահների հետ։ Մենք չարեցինք որևէ բան, որ ասենք՝ գիտեք, նոր իշխանություն է և մեզ ժամանակ է պետք, մեզ անհրաժեշտ է մի որոշ ժամանակահատված` ծանոթանալու և այլն։ Մենք դա չարեցինք, մենք անմիջապես ներգրավվեցինք: Ինչու՞: Որովհետև ունենք ամբողջ կարողությունը և պատասխանատվությունը և հասկանում ենք, որ մեզ համար անհրաժեշտ, շատ էական է՝ աշխատել խաղաղության ուղղությամբ։ Եվ այդ առումով հունիս, հուլիս, սեպտեմբեր, դեկտեմբեր, հունվար, մարտ, ապրիլ. այս ամբողջ գործընթացի մեջ մենք շարունակական ունեցել ենք շատ հստակ ձևավորված մոտեցումներ, որոնք մեր տրամաբանությամբ կառուցել ենք և քննարկման մեջ ենք։ Այս փուլը և որտեղ, որ գտնվում ենք հիմա, շատ հետաքրքիր է նրանով, որ մենք ձևավորել ենք հարցերի շրջանակ, որոնց շուրջ և ընթանում են քննարկումները։ Մենք ասում ենք, որ ի վերջո 1994թ.-ի պայմանագիրը... Ի դեպ` շատ հետաքրքիր մի դիտարկում. 1994թ. զինադադարի համաձայնագիրը, որի 25-ամյակը լրանալու է մայիսի 12-ին, ստորագրվել է երեք կողմից, և դա միակ փաստաթուղթն է, որն այսօր ապահովում է մեր զինադադարը, ապահովում է կայուն իրավիճակ զինադադարի առումով։ Այս առումով, սա ֆորմատի վերականգնում է, ֆորմատի լիարժեքության ապահովման խնդիր է՚, - նշել է Զոհրաբ Մնացականյանը, հավելելով, որ բավական երկար ժամանակահատված ձևավորվել է աշխատանքային ոճ, աշխատանքային մեթոդ, որտեղ եղել են երեք համանախագահները և երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը: ՙԵրբ մենք առաջ բերեցինք այս հարցը, փաստորեն, մենք անդրադարձանք մի իրավիճակի, որին բոլորը սովոր էին: Ադրբեջանի համար պահել սա Հայաստան-Ադրբեջան ձևաչափի մեջ... Մենք շատ բաց խոսում ենք սրա մասին, որ եթե ձևաչափ պահելու իմաստը այն է, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանն է անմիջական դերակատարն այս ամբողջ իրավիճակի մեջ, Լեռնային Ղարաբաղը որևէ դերակատարություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ չէ, սա նորից մեզ բերում է փակուղու: Գիտեք որքան հստակ է վարչապետն արտահայտվել այդ առումով. սա մանդատների հստակության հարց է: Արդյունավետության առումով ՀՀ վարչապետի համար, ժողովրդի համար, եթե հիշում եք, վարչապետը մի շատ կարևոր դիտարկում էր արել, որ հարցը ոչ թե կառավարություններն, ոչ թե ղեկավարություններն են, այլ հարցը ժողովուրդներն են: Խոսել ժողովրդի անունից, որը քեզ մանդատ չի տվել, նվազեցնում է արդյունավետությունը: Սկզբունքորեն ստացվում է, որ մենք ինչ-որ չափով բանակցում ենք երկու սեղանի շուրջ, որովհետև մենք կանոնավոր աշխատում ենք, քննարկում ենք և կանոնավոր երկխոսության մեջ ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ բոլոր մակարդակներով: Գիտեք, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո ունենք քննարկումներ այդ թվում նաև արտգործնախարարների մակարդակով, գիտեք, որ մենք անցկացրել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա նույնպես քննարկումներ էին, սա համատեղ աշխատանք էր, սա, ըստ էության, նաև բանակցություն էր: Ստացվում է, որ մենք հայտնվում ենք բանակցային երկու սեղանների շուրջ: Սա արդյունավետության նվազեցում է: Նորից եմ կրկնում, մենք չենք հրաժարվում մեր պատասխանատվությունից: Սա շատ էական հարց է: Այստեղ ամենահետաքրքիր և ամենակարևոր հարցն է. մեր պատասխանատվությունը ժողովրդի առջև է, որովհետև մանդատը տրված է ժողովրդի կողմից: Որևէ բան անելը և ենթադրելը, որ դա չի համապատասխանում այն մանդատին, և ենթադրելը, որ մենք կարող ենք նման գործողություն անել, ինչ-որ համաձայնությունների գալ, որոնք մերժվելու են մանդատ տված ժողովրդի կողմից. մենք աշխատում ենք՝ այդ մանդատը մտքում պահելով: Սա է իմաստը: Իհարկե, մանդատ ունենք, իհարկե դա իշխանության պատասխանատվությունն է, բայց պատասխանատվությունը հիմնվում է մանդատի վրա՚, - հայտարարել է նախարարը, հավելելով, որ Արցախյան հակամարտության շուրջ այն, ինչ տեղի է ունենում այս ընթացքում, նոր զարգացում է՝ այն առումով, որ նոր իշխանություն է Հայաստանում, որը ի հայտ է բերել իր մոտեցումներ, իր տրամաբանությունը, իր դիրքորոշումները, և այդ առումով նոր զարգացում է: ՙՄենք շատ կառուցողական ենք և, պաշտպան լինելով հենց նույն Մինսկի Խմբի համանախագահության շրջանակին, մենք հասկանում ենք, որ այդ շրջանակում տեղի է ունեցել բավական երկար աշխատանք: Այո՛, ես վստահ եմ, որ չկա որևէ մի պայծառ ուղեղ, որը թաքնված է ինչ-որ մի տեղ աշխարհում, գիտի լուծումը հարցի և ի հայտ չի գալիս: Եվ դրանով է, որ մենք ասում ենք, որ մենք չենք ուզում թույլ տալ ընդլայնել որևէ կերպ շրջանակը, ինչ-որ մի կերպ վտանգել Մինսկի խմբի համանախագահության շրջանակը, որովհետև կստացվի իրավիճակ, որը կանխատեսումներից դուրս է և շատ վտանգավոր՚, - նշել է Հայաստանի արտգործնախարարը, հավելելով, որ այսօր բանակցություններ չեն վարվում ինչ-որ փաստաթղթերի շուրջ, սակայն հանդիպումներում քննարկվում են մոտեցումներ, սկզբունքներ, դիրքորոշումներ: