Արմինֆո. ԱՄՆ Կոլորադոյի նահանգի կողմից Արցախի ճանաչումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության հերթական հաղթանակն է։ Այդ մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ։
Նրա խոսքով, այս բանաձևը հետևողական աշխատանքի արդյունք է, որը պսակվեց հաղթանակով։ Նա ընդգծել է, որ դա լավագույն պատասխանն է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը։ Ըստ որում, Բաբայանը նշել է, որ այդ հաղթանակը պարտավորեցնում է շարունակել սկսած քաղաքականությունը: <Կարծում եմ, որ կլինեն նաեւ այլ հաղթանակներ, եթե մենք համախմբված լինենք եւ ճիշտ աշխատանք տանենք>, - հավաստիացրել է նա ՝ հավելելով, որ այս բանաձեւի ընդունումից հետո Արցախը կարող է համագործակցել Կոլորադոյի հետ հումանիտար ոլորտում:
ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը ապրիլի 24-ին միաձայն քվեարկել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու օգտին:
Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական սենատոր Ջեք Թեյթի ներկայացրած Սենատի 19-012 բանաձևը պատմում է Հայոց ցեղասպանության պատմական ծագման մասին, հիշատակվում են Կոլորադոյի ջանքերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ և վկայակոչվում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքները: Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ <Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիության շարունակվող հետևանքներին է առնչվում Հայաստանի և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը>:
Բանաձևը նաև հիշեցնում է Նախիջևանում մշակութային ցեղասպանության մասին՝ որպես Հայոց ցեղասպանության անպատժելիիիության արդյունք: <Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը եւ առանց պատասխանատվության ենթարկվելու Հայաստանի սրբավայրերի շարունակվող պղծումը հանգեցրին ողջ քրիստոնեական հայկական ժառանգության աննախադեպ մշակութային ցեղասպանության ադրբեջանական Նախիջեւան էքսկլավում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրեց տարածաշրջանի հնագույն հայկական ժառանգության բոլոր հետքերը՝ մոտ 90 եկեղեցի եւ 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի Հայտնի խաչքարերը, որոնցից մեկը վերարպատրաստվել է 2015 թվականին՝ Կոլորադոյի Կապիտոլիումի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգու համար>, - ասվում է բանաձևում։
Նշենք, որ այսօր արդեն Բաքուն նոտա է հղել Կոլորադոյի օրենսդիր մարմնին՝ իր վրդովմունքն արտահայտելով բանաձևում տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ, որոնք, Ադրբեջանի ԱԳՆ կարծիքով, այնուամենայնիվ, նահանգի կողմից Արցախի ճանաչում չեն: