Արմինֆո. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իր երկիրը սատարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետության նախագահը եւ կառավարությունը դատապարտում են հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը՝ այն որակելով մարդկության պատմության բիծ՚, - հաղորդում է Financial Mirror-ը:
Անաստասիադիսը նշել է, որ Կիպրոսի Հանրապետությունը սատարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին եւ նշում է, որ Կիպրոսն Եվրոպայում առաջին եւ աշխարհում երկրորդ երկիրն էր, որ ճանաչեց այդ սարսափելի հանցագործությունը եւ խնդրում է, որ պատմական ճշմարտությունը վերականգնվի: Դիմելով Կիպրոսի հայերին՝ նախագահն ընդգծել է, որ նրանք էական ներդրում են ունեցել այն առաջընթացի գործում, որին երկիրը հասել է:
Հավելենք, որ Կիպրոսը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացրել դրա ժխտումը։