Արմինֆո. Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու, ՙՌունեին՚ հայտնել է Պողոսյանի պաշտպան, Կարելիայի Փաստաբանական պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին:
Ավելի վաղ Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել էր Ռուսաստանում՝ Կարելիայի տարածքում։
ՙՄիջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է։ Քաղաքական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը։ Դրա հիմքերը, իմ կարծիքով, կան։ Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով՚, - հայտարարել է փաստաբանը։
Միխայիլ Յամչիտսկու խոսքով ՝ իր պաշտպանյալի արտահանձնման հարցը կլուծվի Ռուսաստանի գլխավոր դատախազությունում: Նա ընդգծել է, որ եթե Հայաստանի հարցումը բավարարվի, Միհրան Պողոսյանն իրավունք կունենա բողոքարկել այն:
ՙԸնդհանուր կանոնի համաձայն, արտահանձնման մասին որոշումն ընդունվում է գլխավոր դատախազի տեղակալի կամ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, այսինքն,՝ դա Մոսկվան է, ոչ թե Կարելիան։ Հետագայում որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՚, - հավելել է Միխայիլ Յամչիտսկին ։
Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուսական կողմին է փոխանցել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես մեղադրյալ է ներգրավվել ՙառանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում" և "պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ" հոդվածներով հարուցված քրեական գործով: Ավելի ուշ Պողոսյանի նկատմամբ ազգային եւ միջազգային հետախուզում Էին հայտարարել եւ ապրիլի 19-ին ձերբակալել Պետրոզավոդսկում ։