Արմինֆո.Վլադիմիր Զելենսկին գերազանցում է Պյոտր Պորոշենկոյին գրեթե 50 տոկոսի տարբերությամբ. այդ են վկայում Ուկրաինայի ԿԸՀ տվյալները: Ձայների մեծ մասն արդեն հաշվարկվել է։
Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկին, վերջին տվյալներով, հավաքել է 73,09 տոկոս, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24,57 տոկոս: Ուկրաինայի ԿԸՀ մշակել է էլեկտրոնային արձանագրությունների 80,78%-ը։ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում, բացի Լվովի մարզից, նշում է ՙԻնտերֆաքս-Ուկրաինան՚:
Պորոշենկոն իր պարտությունն ընդունել է դեռ նախօրեին էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո: Նա հայտարրաել է, չի հեռանա քաղաքականությունից և կպայքարի հանուն Ուկրաինայի։
Զելենսկին հայտարարել է, որ երդմնակալությունից հետո իր առաջնահերթ խնդիրների թվում կլինեն կադրային վերադասավորումները կառավարությունում, ուկրաինացի ռազմագերիների վերադարձը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցումը: Մոսկվայի հետ նա մտադիր է փոխգործակցել նորմանդական ձեւաչափով, որը խոստացել է ՙվերաբեռնել՚: Բացի այդ, Զելենսկին խոստացել է պաշտպանել ուկրաիներեն լեզուն։
Զելենսկուն արդեն շնորհավորել են Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Ընտրություններին մասնակցությունը, ըստ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, կազմել է ընտրողների 62 տոկոսը: Ուկրաինայի ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների մասին 1245 հաղորդում, հարուցվել է 17 քրեական գործ: Զելենսկու շտաբը հայտնել է ստացված 1475 դիմումի մասին։ ԿԸՀ-ում հայտարարել են, որ արձանագրված խախտումները չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի բոլոր ձայների հաշվարկը պետք է ավարտի մայիսի 1-ից ոչ ուշ: Երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը պետք է կայանա մինչեւ հունիսի 3-ը Գերագույն Ռադայի հանդիսավոր նիստում, նշում է ՙ112 Ուկրաինա՚ հեռուստաալիքը: