Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին ուղեկցել ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրել է ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը ներկաներին ծանոթացրել է թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերի, ցուցանմուշների հետ: Այցի ավարտին պարոն դեսպանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտե հիմնադրամի տնօրենը ՌԴ դեսպանին նվիրել է ՀՑԹԻ կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրականություն: