Արմինֆո.Մարիանա Մկրտչյան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականում հրապարակված հարցազրույցում:
Արտգործնախարարը հիշեցրել է, որ երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ ՙԱյդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։ Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը՚, - հայտարարել է Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը նաև փաստել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թվականին, և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել է, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։
ՙԱյս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների՚, - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։