Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 17:21
Մարիաննա Մկրտչյան

Պաշտոնական Երևանը հերքում է Էլմար Մամեդյարովին

Պաշտոնական Երևանը հերքում է Էլմար Մամեդյարովին

Արմինֆո.Պաշտոնական Երևանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մոսկովյան հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, քննարկվել են 2016 թվականին Ռուսաստանի ներկայացրած առաջարկությունները:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ մոսկովյան հանդիպումից հետո արված հայտարարությունները, նախ, նշել է, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։

 

ՙՀամատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում՚, - ընդգծել է մամլո խոսնակը:

 

Անդրադառնալով առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանն առնչվող հարցին՝ Աննա Նաղդալյանն ասել է. ՙԻնչպես գիտեք ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:  Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը՚։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի