Արմինֆո. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում իմ աշխատանքը պատկերացնում եմ շատ ակտիվ և դինամիկ, կարծում եմ, որ այս ոլորտում շատ անելիքներ կան ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար, ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գեւորգյանը։
Թեկնածուն անդրադարձել է նաև Հայաստանում մենաշնորհների դեմ պայքարին։ <Մենք չենք պայքարելու մենաշնորհների վերացման համար։ Առաջիկայում ես Ազգային Ժողովում ելույթ եմ ունենալու մենաշնորհների թեմայով։ Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը ճիշտ չի ընկալում մենաշնորհի հասկացությունը>, - ընդգծել է նա ։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ինքը բացատրելու է, թե ինչ է մենաշնորհը, բայց չպիտի պայքարի դրանց դեմ՝ վերջինս պատասխանել է. <Ես նման բան չեմ ասել։ Մենք պետք է պայքարենք, որպեսզի նրանք, ովքեր մենաշնորհներ ունեն, չչարաշահեն իրենց դիրքը։ Այսինքն ՝ մեր հասարակության մեջ գերիշխող դիրք ունենալը թույլատրելի է, բայց օրենքի շրջանակներում>, - ընդգծել է Գեւորգյանը։ <Հնարավոր է, որ մենք չկարողանանք վերացնել մենաշնորհը, կամ դրա անհրաժեշտությունը չի լինի, կարևորը, որ մենաշնորհներ ունեցող մարդը չչարաշահի իր դիրքը>, - ընդգծել է ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն: Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին առաջադրել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ։ Ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արտակ Շաբոյանը։