Արմինֆո.Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը, որի կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Կոնավեյը (Հանրապետական, Տեխաս), Գերրի Կոննոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (Հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լիը (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ թերի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների պաշտոնատար անձանց և Ազգային Ժողովի պատգամավորների հետ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այն կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Պատվիրակության բոլոր անդամները Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի ներկայացուցիչներն են ։ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունն ուղղված է խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդրական կառույցներին աջակցելու միջոցով արդյունավետ եւ բաց կառավարման խթանմանը եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: