Արմինֆո. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անվերջ խաղաղություն չի քարոզելու, դա սահման ունի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանն ու Արցախը կպատասխանեն. ՙդրանում թող ոչ ոք չկասկածի՚: Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ հակամարտության կողմերը պետք է մեկ ալիքի վրա լինեն։ ՙՎիեննայում, Դուշանբեում, Դավոսում Ալիևի հետ խոսակցությունների ողջ էությունը հանգում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությանը՚, - բացատրել է նա, հույս հայտնելով, որ կողմերն ազնիվ են խաղաղության ձգտման հարցում, հակառակ դեպքում ջանքերն ապարդյուն կլինեն:
Փաշինյանը կրկին հայտարարել է, որ հայկական կողմերին հնարավոր չէ վախեցնել պատերազմով: Անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով այսօրվա հանդիպմանը ՝ Փաշինյանը հայտարարել է, որ դրանից ակնկալում է ՀՀ և ԱՀ ղեկավարների կողմից տրված հանձնարարականի կատարում, որը ՙվերաբերում է Վիենայում քննարկված հարցերի շրջանակին, դիրքորոշումները մոտեցնելու փորձերին՚: Փաշինյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում այն բանում, որ Հանդիպմանը մասնակցում Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահներից մեկն է, և նման պրակտիկա նախկինում էլ եղել է։ ՙԴա կարող է լինել հանդիպում ՌԴ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ արտաքին գործերի նախարարի հովանու ներքո՚, - ասել է վարչապետը։