Արմինֆո.Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մայրենի լեզվի օրվա առթիվ այցելել է երկրի հարավում գտնվող Ախալքալաք քաղաք, որը առավելապես հայերով է բնակեցված:
Զուրաբիշվիլին մասնակցել է քաղաքի Մշակույթի տան ճակատին վրացական այբուբենի տառերի պատկերով պաննոյի բացմանը եւ հանդիպել տեղի բնակիչների հետ:
Ինչպես հաղորդում է <Նովոստի-Գրուզիան>, դիմելով նրանց՝ նախագահը խոսել է պետական լեզվի լիարժեք տիրապետման կարեւորության մասին: Զուրաբիշվիլին նշել է, որ վրացերենի իմացությունը թույլ կտա նրանց ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին եւ պետական որոշումների կայացմանը:
Նա հույս է հայտնել, որ Ախալքալաքի յուրաքանչյուր բնակիչ գոնե այնպիսի մակարդակով կսովորի պետական լեզուն, որ քննություն հանձնի քաղաքացիություն ստանալու համար: <Ես շատ եմ ցանկանում, որ դուք եւ ձեր երեխաները դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, այդ պատճառով ես այնքան շատ եմ արել, որ երկքաղաքացիությունը հասանելի լինի բոլորի համար ։ Այս փոփոխությունը մտել է Սահմանադրության մեջ, և արդեն այսօր յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադարձնել, վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ դուք ևս մեկ քայլ անեք և սովորեք պետական լեզուն>,- ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահը խոստացել է, որ <ջանք չի խնայի, որպեսզի վրացերենն ավելի մատչելի դառնա>: Նա գտնում է, որ Ախալքալաքում դրա համար անհրաժեշտ է բացել մանկապարտեզ, որտեղ ուսումնադաստիարակչական գործընթացը կիրականացվի պետական լեզվով: <Մանկապարտեզից սկսվում է լեզվի ուսուցումը մինչեւ այն մակարդակը, երբ բացվում են բոլոր հեռանկարներն ու կարիերան ։ Ուստի այսօր Ախալքալաքից պետք է բարձրաձայն հայտարարեմ, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ է Ախալքալաքում բացել վրացալեզու մանկապարտեզ ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի, երբ ես գամ այստեղ, այդ ցանկությունն արդեն իրագործված կլինի>, - ասել է պետության ղեկավարը:
Սամցխե-Ջավախ երկօրյա այցի շրջանակներում Զուրաբիշվիլին եղել է նաև ձկնաբուծարանում, ներկա գտնվել գեղարվեստական դպրոցի դասին, մասնակցել Սուրբ Խաչ եկեղեցում աղոթքին: Սա նրա առաջին այցն էր այդ տարածաշրջան երկրի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ։