Արմինֆո. Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:
Նշենենք, որ Մոսկվայում հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին: Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից: