Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:
Ինչպես Արմինֆո-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել Զարթոնք գյուղում մի խումբ մարդկանց միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը որսորդական հրացան է կիրառել։ ՙՈստիկանության Մեծամորի բաժնի արագ արձագանքման խումբը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ միջադեպի անդառնալի հետևանքների զարգացումը ժամանակին կանխելու համար՚, - նշել է Ջանոյանը,՝ հավելելով, որ հրացան կիրառողը վնասազերծվել է։ Ջանոյանի խոսքով ՝ թե կրակողը, թե ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։
ՙԱվելին, միջադեպի 5 մասնակիցներ դիմել են բուժօգնության։ Նախնական տվյալներով ՝ 5 անձից 2 - ը ստացել վնասվածքներ են որսորդական հրացանի կիրառման արդյունքում՚, - հավելել է Ջանոյանը,՝ արձանագրելով, որ ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ Զարթոնք գյուղում շարունակում են իրականացնել օպերատիվ իրավիճակը վերահսկելու միջոցառումներ:
Նշենք, որ Զարթոնք գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Երեւան-Գյումրի երկաթուղային ճանապարհին: Նրանք պահանջել են գյուղապետի և դպրոցի տնօրենի հրաժարականը։ Բողոքի ալիքի պատճառը դպրոցի տնօրեն Մանուշակ Սարգսյանի ոչ մանկավարժական պահվածքն է եղել, որը, ինչպես պնդում են Զարթոնք գյուղի բնակիչները, անպարկեշտ հայհոյանքների է ենթարկել գյուղի կանանց։
Զարթոնքի բնակիչներն ապաշրջափակել են երկաթուղային ճանապարհը այն բանից հետո, երբ նրանց է մոտեցել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Գյուղի բնակիչները Սանասարյանի հետ մեկնել են գյուղխորհուրդ ՝ բանակցություններ վարելու։ Սանասարյանը խոստացել է լսել գյուղացիներին և միասին գտնել նրանց հուզող խնադիրների լուծումը: