Արմինֆո. Ապրիլի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց ԼՀ խորհրդարանի (սենատ և սեյմ) Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի (Tadeusz Woźniak), խմբի մի քանի անդամների և քարտուղարի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Թադեուշ Վոժնիակը, ողջունելով դեսպանին, վերահաստատեց երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և հանձնառությունը։
Սամվել Մկրտչյանը հատկապես կարևորեց Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների երկուստեք օգտագործումը։ Նա լեհական կողմին տեղեկացրեց ՀՀ ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման շուրջ:
Անդրադարձ կատարվեց ինչպես կառավարությունների, այնպես էլ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների առաջիկա փոխայցելությունների իրականացման հարցերին:
Դեսպան Սամվել Մկրտչյանը պատասխանեց լեհ խորհրդարանականների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից կրականացվող բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ու ամրապնդմանը։