Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Շփեյերը հայտարարել է, թե նախագահ Դոնալդ Թրամփը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ունի ՙգաղտնի զենք՚՝ հեռուստատեսային իրականության իր գործընկեր Քիմ Քարդաշյանը։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Rollcall պարբերականը։
ՙԿարծում եմ, որ մեր համայնքում մենք գաղտնի զենք ունենք, որպեսզի ստիպենք նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը՚, - ասել է Շփեյերը երեքշաբթի օրը: ՙԵս կարծում եմ, որ մենք բոլորս պետք է Քիմ Քարդաշյանին ՙթվիթենք՚ եւ նման կոչ անենք նրան՚, - ասել է նա՝ ծիծաղ առաջացնելով շրջապատի մարդկանց շրջանում: Կալիֆորնիացի դեմոկրատն այդպիսի կոչ է արել ՙ104 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի նկատմամբ արյունալի հաշվեհարդարի տարելիցին" նվիրված իր ելույթի ժամանակ:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահների մեծ մասը չի ճանաչել հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման մտավախության առնչությամբ:
Rollcall-ի հոդվածում հիշատակվում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Քարդաշյանն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պարբերականը նաեւ հիշեցրել է, որ Քարդաշյանը Թրամփին հաջողությամբ բարեխոսել է ցմահ բանտարկության դատապարտված Ալիս Մարի Ջոնսոնի դատավճռի մեղմացման համար:
Շփեյերը հայկական արմատներ ունի, ընդգրկված է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի եւ հետախուզության մշտական կոմիտեների կազմում: Կոնգրեսականը ելույթ է ունեցել Կապիտոլիումի բլրում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված արարողության ժամանակ, որը կազմակերպել էին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը: