Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարարի մասնակցությամբ լավ հնարավորություն է, այդ թվում ՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման եւ Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցերը քննարկելու համար:
Ապրիլի 11-ի ճեպազրույցի ժամանակ Զախարովան այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման եւ Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման վերաբերյալ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հնչեցրած առաջարկին, մասնավորապես ասել է. <Ես կարծում եմ, որ առաջին հերթին այդ նախաձեռնությունը, ինչպես եւ մյուսները պետք է գնահատեն, անշուշտ, հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երկրները: Իսկ հետո, եթե պահանջվի կամ այլ պետությունների, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությունը, այդ հարցը կարող է քննարկվել>, - ասել Է Զախարովան ՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ինչպես այդ, այնպես էլ այլ հարցերի քննարկման լավ հնարավորություն կլինի ապրիլի 15 - ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ:
Այն հարցին, թե ենթադրվում է արդյոք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, Զախարովան ընդգծել է, որ եռակողմ հանդիպումից առաջ նման տարբերակ ենթադրվում է: